Ադրբեջանը փորձելու է օգտագործել ճնշման հնարավոր բոլոր լծակները Հայաստանին իր օրակարգը պարտադրելու համար: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով վերջին մեկ օրում ադրբեջանական սադրանքների հետևանքով հայ 2 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև՝ ադրբեջանական զորքերի կողմից այս րոպեներին Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ գյուղերի վրա կրակելու դեպքերին:

«Պատերազմից հետո մի շարք ուղղություններով, այդ թվում՝ հրապարակային հայտարարությունների մակարդակում, անվտանգության ամրապնդմանն ուղղված մի շարք առաջարկներ էին արվել, բայց ՀՀ իշխանությունները, որքան հասկանում եմ, այդքան էլ լուրջ չի մոտեցել երկրի անվտանգության ապահովման իր առանջային գործառույթին, իսկ դրա արդյունքում Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի ուղղությամբ կիրառվող ճնշման գործիքակազմը»,- նշեց պատգամավորը:

Աբրահամյանի գնահատամամբ՝ Ադրբեջանը, սահմանային լարվածությունն ուժգնացնելով, երկու գլխավոր նպատակ է հետապնդում:

«Առաջինը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, որն Ադրբեջանը պատերազմի ավարտից հետո հենց առաջին օրից առաջ է մղում, երկրորդը՝ Արցախի կորստի իրավական ամրագրումը, որը փորձում են պարտադրել Հայաստանին: Ադրբեջանը նաև հետևողականորեն փորձում է բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք կարող են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցել Հայաստանի հետ, որովհետև ՀՀ ԶՈՒ արդիականացումն ու բարեփոխումներն Ադրբեջանը դիտարկում է որպես վրեժխնդրության և ռևանշի հնարավորության ստեղծում, և փորձում է հենց սկզբից դա կանխել: Բացի այդ, Ադրբեջանը կարծում է՝ Հայաստանն այնպիսի իրավիճակում է հիմա, որ կարելի է նոր պահանջնել պարտադրել նրան ու հասնել դրանց կատարմանը»,- նկատեց Աբրահամյանը:

Ի՞նչ կարող է և պետք է անի Հայաստանն Ադրբեջանի՝ օրեցօր ուժգնացող ճնշմանը դիմակայելու և պարտադրվող զիջումներից հրաժարկվելու նպատակով. ի վերջո, հաշվի առնելով վերջին օրերին սահմանային լարվածության աճը, չի բացառվում, որ ադրբեջանական կողմն էլ ավելի հեռուն գնա՝ չսահմանափակվի միայն Երասխով, Սև լճի տարածքով և Գեղարքունիքի առաջնագծով և ընդլայնի լարվածության օջախների աշխարհագրությունը: Պատգամավորի կարծիքով՝ անկախ նրանից՝ ինչպես կզարգանան իրադարձություները դիվանագիտական հարթությունում, Հայաստանը բանակցային գործընթացում դիրքերն ուժեղացնել կարող է միայն այն դեպքում, եթե արագորեն կարողանա վերականգնել ՀՀ ԶՈՒ մարտունակությունը, անհրաժեշտ վերախմբավորում իրականացնի և որոշակի ժամանային կտրվածքով մեկնարկի ԶՈՒ բարեփոխումների գործընթացը:

«Առանց այս գործընթացի կազմակերպման, Հայաստանը բանակցություններում թույլ դիրքավորում է ունենա, ինչը մշտապես ցավալի կորուստների է հանգեցնելու»,- շեշտեց Աբրահամյանը: