Քաբուլի միջազգային օդանավակայանից բոլոր առևտրային թռիչքները դադարեցվել են, հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Ինչպես գրում է BBC-ն,  Թույլատրվում է գործել միայն ռազմական օդանավերին: British Airways-ը հաստատել է, որ ներկայումս չի թռչում Աֆղանստանի օդային տարածքով:

Իրանական Tasnim գործակալությունը հրապարակել էր Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ երկրից հեռանալու տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը բարձրանում սանդուղքով, ձեռքը թափահարում և մտնում Kam Air-ի ինքնաթիռ:

«Թալիբան» արմատական շարժումը Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանիին առաջարկել է խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, սակայն նա փախել է երկրից:

«Մենք նախագահ Ղանիին առաջարկեցինք խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը՝ անվտանգության վակուումից խուսափելու համար, սակայն նա փախավ», — հեռուստաալիքը մեջբերում է «Թալիբան» շարժման ներկայացուցչի խոսքերը:

Ավելի վաղ տեղեկություններ են հայտնվել առ այն, որ «Թալիբան»-ն արդեն միացել է նախագահական խորհրդին և, ինչպես ասում են, մի քանի ժամվա ընթացքում կստանձնի Աֆղանստանի մայրաքաղաքի լիակատար վերահսկողությունը:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրադարձությունների ֆոնին թալիբները Քաբուլի բնակիչներին կոչ են անում անվտանգության նկատառումներով մնալ իրենց տներում: