Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Türk-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում նոր զարգացումների մասին: Նա ընդգծել է, որ այժմ Բաքուն Մոսկվայից ակնկալում է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրականացում:

«Մեր ակնկալիքներն այն են, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին: Այս հարցը մենք հասցրել ենք ռուսական կողմին: Սա մեզ անհանգստացնում է: Պատերազմն ավարտվել է. այսինքն՝ հայ ժողովուրդը նույնպես համակերպվել է այս իրավիճակի հետ: Հայաստանի ղեկավարությունը նույնպես համակերպվել է պարտության հետ, և Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները դա ցույց տվեցին: Սա պատմության մեջ աննախադեպ պատկեր է, երբ պարտված ղեկավարությունը կրկին ստանում է ժողովրդի ձայնը: Այս դեպքում, իհարկե, Հայաստանի զինումը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Մենք նման բան դեռ չենք տեսնում, չի նկատվում: Բայց  ռուսական կողմից որոշ հայտարարություններ են եղել»,-ասել է Ալիևը:

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարը, ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ, ասել էր, որ սկսվել է ռուսական զենքի Հայաստան առաքման գործընթացը: Ալիևի խոսքով՝ «սա շատ մտահոգիչ հարց է»:

Նա հույս է հայտնել, որ «Ռուսաստանը չի զինի Հայաստանին, քանի որ դրա կարիքը չկա»: