Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով և խաղաղ կարգավորման կոչ է արել՝ ի շահ տեղի բնակչության, գրում է Al Arabiya-ն:

Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին, ավանդական դարձած, կիրակնօրյա քարոզից հետո:

«Իմ խորը մտահոգությունն եմ հայտնում Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ, խնդրում եմ ձեզ աղոթել ինձ հետ խաղաղության և բանակցությունների սեղանի շուրջ լուծումներ գտնելու համար՝ առանց զենքի: Միայն այս կերպ այս երկրի ուժասպառ բնակչությունը կկարողանա վերադառնալ նորմալ ու ապահով կյանքին», — ասել է Ֆրանցիսկոսը:

«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ վերահսկում է Աֆղանստանի ամբողջ տարածքը: Al Arabiya հեռուստաալիքի վկայակոչած թալիբների հայտարարությունը վկայում է այն մասին, որ «երկրի մայրաքաղաքում ռազմական գործողություններ չեն ընթանում, շարժումը վերահսկողություն է հաստատել ամբողջ Աֆղանստանի վրա»:

Հեռուստաալիքի տվյալներով՝ թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Քաբուլից հյուսիս -արևմուտք գտնվող «Բաղրամ» ավիաբազայի վրա (Փարվան նահանգ):

Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, կազմավորումները գրավել են նաև «Բաղրամ» քաղաքի բանտը, որտեղ պահվում է մոտ 5000 բանտարկյալ, և ազատ են արձակել իրենց կողմնակիցներին:

Հայտնի է, որ թալիբների՝ մայրաքաղաք Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Երկրի ներքին գործերի նախարարն ասել է, որ իշխանության փոխանցումը կլինի խաղաղ՝ առանց կռվի:

Աֆղանստանի բանակի և թալիբների միջև բախումներ են տեղի ունեցել քաղաքի հարավային և հյուսիսային ծայրամասերում, թեև թալիբների խոսնակը ասում է, որ խմբին հրահանգ է տրված չգրոհել քաղաքը, որը երկրում կառավարության վերջին հենակետն է: Մամուլի խոսնակը հավելել է, որ խումբը մտադիր չէ վրեժ լուծել որևէ մեկից, և պնդում է, որ բոլոր նրանք, ովքեր ծառայել են կառավարությանը և բանակին, կներվեն:

Աֆղանստանի նախագահությունը պնդել է, որ իրավիճակը Քաբուլում դեռ վերահսկելի է: Քաղաքացիները հերթ են կանգնել՝ իրենց խնայողությունները բանկերից հանելու համար, քանի դեռ դրանց դռները չեն փակվել իրացվելիության բացակայության պատճառով:

Ամերիկացի դիվանագետները դեսպանատնից տարհանվել են ուղղաթիռով. քաղաքում կմնա 50-ից պակաս պաշտոնյա: Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, ԵՄ աշխատակազմի մի քանի աշխատակիցներ նույնպես տեղափոխվել են Քաբուլում ավելի անվտանգ վայր: Մյուս կողմից, Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր չէ իր պաշտոնյաներին հեռացնել Քաբուլից: «Թալիբան»-ը երաշխավորել է դեսպանատան անվտանգությունը:

Հիշեցնենք, որ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը: Նշվում է, որ այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո: