Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Türk-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներին: Նա մասնավորապես խոսել է Ակնայի (Աղդամ) մասին՝ ասելով, որ այնտեղ հարյուր հազարավոր ականներ կան:

«Պատերազմի ավարտից ի վեր՝ նոյեմբերի 10-ից մինչ օրս, ավելի քան 150 խաղաղ բնակիչ և զինծառայող մահացել կամ առողջությունն է կորցրել ականների պայթյունի հետևանքով: Հետևաբար, ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն և շարունակվում են: Հայաստանը մեզ չի հանձնում ականների քարտեզները, իսկ վերջերս փոխանցված քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ «Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» (չակերտները՝ Խմբ.) ականազերծման աշխատանքներ են ընթանում, մինչդեռ ենթակառուցվածքային աշխատանքներն իրականացվում են արագացված տեմպերով»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։