Գեղարքունիքի մարզի սահմանամերձ  Կութ գյուղում կրակոցների ձայները լսելի չեն եղել։ NEWS.am -ի հետ զրույցում Կութ գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանն ասաց, որ ահագին ժամանակ է, ինչ հանգիստ է, իրենք գյուղում կրակոցների ձայներ չեն լսում:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 13-ին, ժամը 22:00-22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Կութի համայնքապետն ասաց, որ գյուղացիները զբաղված են խոտհունձով եւ ձեռքով հնձած խոտը գյուղ տեղափոխելով:

«Գյուղացիները վախենում են խոտ հնձող մեքենա տանեն խոտհարքներ, քանի որ ադրբեջանցիներ կան մոտակայքում, դրա համար էլ ձեռքով են հնձում վախվխալով  ու քիչ- քիչ խոտը տեղափոխում են գյուղ»,-ասաց նա:

Տիկին Չիտչյանը նշեց, որ մինչեւ այժմ անորոշ է մնացել գյուղից ադրբեջանցիների զբաղեցրած դիրքեր անցած 80 կովերի փոխհատուցման հարցը:

«Դեռ չգիտենք` ինչ է լինելու, ոչ մի պատասխան դեռ չենք ստացել Կառավարությունից: 9 կով մի ընտանիքի է պատկանում, 18 կով մի ընտանիքի, էտի հանաք չի, դա ամբողջ կյանքի ապրուստ է, Կառավարությունից էլ ոչ մի օգնություն չկա: Ընդհանուր առմամբ 5 ընտանիքից 80 կով են տարել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։