ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ լրագրողներին հայտնել է Աֆղանստանում իրավիճակի վատթարացման մասին, հաղորդվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

«Աֆղանստանը դուրս է գալիս վերահսկողությունից», — ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ միայն անցյալ ամիս ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 1000 մարդ, 241 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:

«Աֆղանստանն արդեն բազմաթիվ հակամարտություններ է տեսել, սակայն այժմ նա ​​գտնվում է իր պատմության եւս մեկ քաոսային եւ սարսափելի փուլի շեմին: Սա անհավանական ողբերգություն է այդքան տառապանքների միջով անցած ժողովրդի համար: Թալիբներին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հարձակումը եւ բանակցություններ սկսել՝ ի շահ Աֆղանստանի եւ նրա ժողովրդի», — հավելել է Գուտերեշը:

Գուտերեշն ընդգծել է, որ միայն աֆղանստանցիների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են երկրում կայուն խաղաղության հանգեցնել: «ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել նման կարգավորմանը, առաջ տանել բոլոր աֆղանստանցիների իրավունքները եւ անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցող քաղաքացիական բնակչությանը», — ավելացրել է նա:

«Միջազգային հանրության կողմից ազդանշանը պետք է հստակ լինի՝ ռազմական ուժով իշխանության բռնազավթումը շահութաբեր չի լինի: Դա կարող է հանգեցնել միայն երկարատեւ քաղաքացիական պատերազմի կամ Աֆղանստանի լիակատար մեկուսացման: Հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում հաշվի առնել քաղաքացիական բնակչության վրա դրա կործանարար ազդեցությունը», — ասել է նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ նման գործողություններն իրենցից ռազմական հանցագործություններ են ներկայացնում, եւ դրանք իրականացնող անձինք պետք է պատժվեն: