Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակում ասել է, որ իբրև հիմա դժվար է խոսել վերջնական քաղաքական կարգավորման մասին: Նա նաև ընդգծել է, թե իբրև իրենք ունեն ցանկություն՝ խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի հետ:

«Մեր երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իրականացնեն սահմանների սահմանագծում և սահմանազատում: Սակայն մինչ օրս մենք պատասխան չենք ստացել Հայաստանի կառավարությունից», — ասել է Ալիևը, ապա հավելել, որ իր կարծիքով «Հայաստանի ղեկավարությունը կա՛մ պատրաստ չէ ստորագրել խաղաղության պայմանագիր, կա՛մ դեմ է դրան»:

Ըստ նրա՝ հայկական կողմը իբրև թե «կարող է դրա համար փոշմանել», ուստի եթե բացահայտ ասի, որ չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել, դրանից հետո կսահմանեն իրենց քաղաքականությունը:

Ալիևը նաև ասել է, որ իբրև եթե «Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կլինի», ապա հիշեցրել է, որ կոնկրետ առաջարկներ դրված են սեղանին:

««Զանգեզուրի միջանցք», կապի գծերի արդիականացում և այլն… սա համապատասխանում է ինչպես մեր, այնպես էլ Հայաստանի շահերին: «Զանգեզուրի միջանցքի» բացումը ձեռնտու է Հայաստանին տնտեսական տեսանկյունից»,-ասել է նա: