Davinchi (Դավինչի) տուրիստական գործակալության տնօրենը՝ աշխատակիցների հետ միասին, վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներից՝ ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով, խարդախությամբ հափշտակել են միլիոնավոր դրամներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Անձինք, վճարելով խոշոր գումարներ, չեն կարողանում մեկնել հանգստի, ուստի նախաձեռնվել է քրեադատավարական գործընթաց։ Ովքեր տուժել են այս տուրիստական գործակալության աշխատակիցների հանցավոր գործունեությունից, կարող են դիմել իրավապահ մարմիններին»,- գրել է Ասլանյանը։

Մեկ այլ գրառմամբ՝ Ասլանյանը հայտնել է, որ Դավինչի (Davinchi Travel) տուրիստական գործակալության տնօրենի և աշխատակիցների կողմից հարյուրավոր քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ գումարների հափշտակություն կատարելու մասին դիմումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի էլեկտրոնային հասցեներին։ Նշված դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում արդեն քրեադատավարական վարույթ է նախաձեռնվել։

«Ովքեր տուժել են այդ տուրիստական ընկերության աշխատակիցների հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ոստիկանության Կենտրոնի բաժին (ք.Երևան, Սիմոն Վրացյան փողոց 90, հեռ.010-52-02-02)»,- գրել է Ասլանյանը։