Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆը ափսոսանք է հայտնել Թեհրանում Ռուսաստանի դեսպանի հետ լուսանկարի հրապարակման հետ կապված՝ ընդգծելով, որ չար մտադրություններ չեն եղել, տեղեկացնում է IRNA-ն։

Իրանի ԱԳՆ Եվրասիական դեպարտամենտի գլխավոր տնօրենը հրավիրել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆին Իրանի ԱԳՆ, որպեսզի բացատրություններ պահանջի լուսանկարի հետ կապված, որը հրապարակել էր Թեհրանում Ռուսաստանի դեսպանությունը։

Իրանցի պաշտոնական անձինք այդ քայլն անվանել են «անընդունելի, իրանցիների ազգային զգացումները եւ հպարտությունը վիրավորող»։

«Ես ընդգծում եմ, այդ լուսանկարի հետեւում ոչ մի չար մտադրություն չի թաքնված»,- ասել է Շերքլիֆը՝ ավելացնելով, որ դեսպաններն ընդամենը փորձել են հշեցնել ռուս-բրիտանական դաշինքը նացիստական բանակի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ամփոփելով՝ բրիտանացի դեսպանը հույս է հայտնել, որ Թեհրանում իր առաքելության ընթացքում կկարողանա օժանդակել երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացմանը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վստահության ամրապնդման վրա։