Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարությունը հեռացնում է աշխատանքից բոլոր նրանց, ովքեր իրենց «սրտով» չեն, կամ միտումնավոր ստեղծում են այնպիսի իրավիճակներ, որպեսզի  երկարամյա աշխատակիցները դիմումներ գրեն և հեռանան թաղապետարանից։ Այս մասին ահազանգում են թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, ովքեր այս պահին խնդրել են իրենց անունները չհրապարակել։ Այսպես Irakanum.am-ի հետ զրույցում թաղապետարանի որոշ աշխատակիցներ հայտնեցին, որ  իրենց գործընկերներին աշխատանքից հեռացնելու և սեփական թիմի անդամներին բերելու գործով անձամբ զբաղվում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանը, ով առավել հայտնի է «մեխ» մականունով։ Հակոբյանը մինչը վերջերս թաղապետարանում որպես տնտեսվար էր աշխատում, բայց իշխանությունները գնահատելով նրա «քայլիստ» լինելը միանգամից պաշտոնի բարձրացում են արել, նշանակելով փոխթաղապետ։

Մենք տեղեկացանք, որ նախկին տնտեսվար, ներկայումս թաղապետի տեղակալ Արտակ Հակոբյանն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է թաղապետարանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Ավետիս Ավագյանին, Իրավաբանական բաժնի պետ Հասմիկ Ամիրյանի հետ կոնֆլիկտ հրահրելով ևս հեռացրեցին աշխատանքից։ Մեզ ահազանգած աշխատակիցները նաև հայտնեցին,  որ Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գալուստ Խարբությանին էլ հայտնել են, որ արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո աշխատանքից ազատման դիմում գրի և հեռանա։

Հակոբյանն ամեն կերպ թաղապետարանում աշխատանքով է ցանկանում ապահովել իր մտերիմներին, մարդկանց, ովքեր որեւէ առնչություն չունեն տվյալ աշխատանքի հետ, իհարկե նույն մեթոդով, ինչ ինքը՝ «մեխը»։

Ապօրինի հրամաններ են արձակում, ազատվում բարեխիղճ, տարիներ շարունակ իրենց աշխատանքը պատշաճ կատարած անձանցից։ «Կադրային ջարդի մեկնարկը տրված է, թաղապետարանում տիրում է բարոյալքված մթնոլորտ, մարդիկ չգիտեն վաղը գնան ում հերթն է լինելու, ում են կանչելու ասեն դիմում գրի գնա»,- ասաց աշխատակիցներից մեկը

Բացի այդ թաղապետարանում հիշյալ անձնավորությունն ու իր կողմից բերված մարդիկ իրենց թույլ են տալիս հայհոյանքներով խոսել պահակների ու հավաքարարների հետ։ Աշխատասենյականերում անգամ լսելի է նրանց ձայները։

Հրավիրում ենք Աջափնյակի թաղապետ Սասուն Մկրտումյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, ավագանու անդամների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը։

Irakanum.am