Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Պենտագոնն Աֆղանստան կուղարկի 3 հազար հատուկ ջոկատայիններ՝ դիվանագետներին և դեսպանատան աշխատակիցներին անվտանգ և համակարգված տարհանելու համար: Խոսքը շուրջ 20 հազար քաղաքացու մասին է: Մեծ Բրիտանիան նույնպես ուղարկելու է 600 զինծառայող՝ դիվանագետներին և քաղաքացիներին Աֆղանստանից տարհանելու համար:
 
Գերմանիայի դեսպանատունը իր հերթին կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը:
 
Իրենց քաղաքացիներին Աֆղանստանից դուրս բերելու մտադրության մասին կամ երկիրը լքելու կոչով են հանդես եկել նաև Ֆրանսիան, Նորվեգիան, Դանիան:
 
Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի պլանավորում տարհանել իր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Նիկիտա Իշչենկոն, հավելելով, որ այդ խնդրանքով դեռևս ՌԴ քաղաքացի իրենց չի դիմել:
 
Իրավիճակն Աֆղանստանում վերջին շաբաթներին խիստ սրվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սկսել է դուրս բերել ամերիկյան բանակի ստորաբաժանումները:
 
Կարճ ժամանակաշրջանում թալիբները գրավել են մեծ թվով շրջաններ: Փորձագետները չեն բացառում, որ թալիբները մի քանի ամսում կարող են գրավել նաև մայրաքաղաք Քաբուլը: