Թբիլիսիում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը։ Aliq Media-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն:

Պատճառը Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակն է, հիմնականում նոր շտամների («Դելտա» շտամ) լայն շրջանառությունը:

Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա:

Լիովին սահմանափակվում են փառատոնների, ժամանցային միջոցառումների, համերգների և սպորտային մրցումների անցկացումը: Սահմանափակումներով կաշխատեն նաև երեխաների ժամանցի կենտրոնները:

Սննդի կետերի աշխատանքը ժամը 00:00-ի փոխարեն թույլատրելի կլինի մինչև 23։00-ն: Պետական ​​գերատեսչություններին հանձնարարվում է հնարավորության սահմաններում աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքի:

Առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատել լրացուցիչ մահճակալների մոբիլիզացման ուղղությամբ: Պետությունը խոստանում է ապահովել պատվաստվող քաղաքացիների տեղափոխումը կլինիկաներ:

Գոյություն ունեցող կանոնակարգերի կիրառման նկատմամբ վերահսկողությունը հնարավորինս կխստացվի` ներառյալ սոցիալական միջոցառումների` հարսանիքների, ծնունդ-կնունքների, հոգեհացերի անցկացումը. նման միջոցառումներ կազմակերպելու համար օբյեկտները կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ կրկնակի խախտումների դեպքում օբյեկտի գործունեությունը կդադարեցվի:

Խորհուրդ է տրվում, որ սեպտեմբերից ռեստորաններ, սպա-սրահներ, ֆիթնես կենտրոններ և նմանատիպ հաստատություններ այցելող անձինք պատվաստված լինեն գոնե մեկ դոզայով, կամ 72 ժամվա ընթացքում արված թեստի բացասական պատասխան ունենան: