Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ջրատարի կառուցման ժամանակ ապահովել են անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Հորատման, պոմպակայանի եւ խողովակների տեղադրման նախօրեին խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացրել են ականազերծում եւ տարածքի` վտանգավոր առարկաներից մաքրում:

«Հիմա հորատանցքի հարակից տարածք ենք մաքրում, որպեսզի ապահովենք հակահրդեհային անվտանգությունը։ Տարանցիկ ջրատարն ապահովելու է Կարմիր շուկա եւ Թաղավարդ բնակավայրերի ջրամատակարարումը։  Միայն Թաղավարդում մոտ հազար մարդ ապահովված կլինի խմելու ջրով, ինչպես նաեւ Կարմիր շուկայում մոտավորապես նույնքան բնակիչ կա»,-ասել է աշխատանքներին մասնակցող Մխիթար Բաբայանը:

Նա նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ ջուրը կլինի։ Բաբայանը խաղաղապահներին շնորհակալություն է հայտնել աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար:

Ջրատարի կառուցման ինժեներական աշխատանքների ամբողջական ավարտից հետո Ստեփանակերտի մոտակա 10 բնակավայրերում մոտ 5 հազար բնակիչներ կապահովվեն  խմելու ջրով:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: