Մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանալ համակարգային բնույթ, սկսվել են ակտիվ սահմանափակումներ լրատվամիջոցների նկատմամբ: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձանագրելով, որ ԱԺ աշխատանքների լուսաբանումը սահմանափակվում են, սահմանափակվում են նաև լրագրողների հիմանական այն գործիքները, որով նա կարող է իր պարտականությունները կատարել և հանրությանը ԱԺ լիարժեք գործունեությունը ներկայացնել: Պատգամավորը նաև ընդգծեց, որ սահմանափակված է նաև հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Գեղամ Մանուկյանին հակադարձեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պարզաբանելով, որ լրագրողների աշխատանքը սահամանափակված չէ, այլ պարզապես նոր գործիքակազմով փորձում են համակարգել լրագրողների աշխատանքը.

«Լրագրողների աշխատանքն ԱԺ-ում համակարգվելու է, լրագրողները հնարավորություն են ունենալու պատգամավորին մոտենալ, երբ նրանք ԱԺ շենք են գալիս, բայց դուռը չեն բացելու և չեն մտնելու պատգամավորի սենյակ, չեն վազելու պատգամավորի հետևից, որովետև դա անհարգալից է թե՛ պատգամավորի, թե՛ լրագրողի նկատմամբ»,-պարզաբանեց Սիմոնյանը այնուհետև, դիմելով լրագրողներին ասաց.

«Մի՛ համարեք, որ դուք իրավունք ունեք հասարակական հարթակներում, սոցիալական ցանցերում վիրավորանքներ հնչեցնել՝ պետական պաշտոնյաների, պատգամավորների, հասրակական գործիչների նկատմամբ, և հետո զարմանք, որ նրանք ձեզ հարցազրույց չեն տալիս: Փորձում ենք համակարգել լրագրողների աշխատանքը, որպեսզի դուք միջանցքներով չվազեք, այլ լինի կոնկրետ տեղ, որտեղ կմոտենա իշխանության ներկայացուցիչը և հարցազրույց կտա»: