Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծերի փաթեթի, որով առաջարկվում է ներդնել ընդերքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգ։

Հարցը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց «արդարացի վերաբաշխման» արտահայտությանը, քանի որ նախագծի հիմքում հենց դա է դրված։

«Նախագծով առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալի վճարողների կողմից պետբյուջե վճարված գումարների 2 տոկոսն ուղղել տվյալ համայնքներին։ Այս ոչ մեծ ծավալի գումարների վերաբաշխումը նպատակ ունի ներմուծել միջազգայնորեն լայն կիրառվող մշակույթ, որի հիմքում ընկած է այն գաղափարը, որ այն համայնքները, որտեղ առկա են բնական ռեսուրսներ և այդ համայնքներում հնարավոր են զարգացնել միայն ընդերքօգտագործման այդ ուղղությունները։ Այդ համայնքները կրում են դրա ազդեցությունը, ուստի վերջիններիս հնարավորություն է տրվում տրամադրված գումարներն ամեն տարի ուղղել որևէ առանձին ծրագրի։ Կլինի դա բուժհաստատություն կամ այլ ծրագիր»,-ասաց նախարարը։

Գնել Սանոսյանը նշեց՝ օրենքով նախատեսվում է, որ այս ծրագիրը հաստատվելու է ավագանու կողմից, ինչը նշանակում է՝ մեծացնում են ավագանու դերը։

«Այնպես չէ, որ կարող են որոշել համայնքապետի կաբինետը վերանորոգել, այլ ավագանին որևէ տնտեսական ծրագրի կուղղի այս գումարները»,-ասաց Գնել Սանոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ խոսքը գնում է 23 համայնքի մասին։ Նա ընդգծեց՝ հանքարդյունաբերությունը պետք է ավելի արդարացի հարկեն, որ ավելի արդարացի բաժին հասնի և՛ ՀՀ-ին, և՛ համայնքներին։

«Կարծում եմ՝ ճիշտ ենք անում, որ զսպում ենք կաբինետներ նորոգելու պետական համակարգի ձգտումները, բայց մեր կանխավարկածն այն չէ, որ պաշտոնյաները պետք է քարուքանդ կաբինետներում աշխատեն»,-ասաց վարչապետը։