ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը ոչ թե ՔԿՀ-ում է, այլ՝ քաղաքացիական հիվանդանոցում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։ Նա չհիշեց, թե կոնկրետ որ օրն է տեղափոխվել Ռոբերտ Սուքիասյանը հիվանդանոց, բայց վստահեցրեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչի պատճառով բժիշկների կողմից ցուցում է եղել, որ նա տեղափոխվի հիվանդանոց։

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Գոռ Միքայելյանի հետ։

Պարոն Միքայելյան, ինչու և ինչ պատճառներով է Ձեր պաշտպանյալ Ռոբերտ Սուքիասյանը տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, երբ է տեղափոխվել։

Ռոբերտ Սուքիասյանը մի քանի հիվանդություններ ունի։ Ընդ որում լուրջ հիվանդություններ են, հնարավոր է նաև վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինի։ Ունի ողնաշարի ճողվածք, որը բավականին խիստ ծանր վիճակում է գտնվում, նույնիսկ շարժումներն է սահմանափակված, նաև ունի շականագեղձի ուռուցք, սրտի հետ պրոբլեմ ունի, վիրահատվել է ժամանակին, ստենդավորված է։ Այս ամենով պայմանավորված, ուղղակի իրեն ցուցված է բուժումը հիվանդանոցային պայմաններում, պառկած վիճակում է, այդ պատճառով Ռոբերտ Սուքիասյանը տեղափոխվել է հիվանդանոց և ներկայումս իրականացնում են բուժումներ, փորձում են առանց վիրահատական միջամտությունների այդ ծանր վիճակը թեթևացնել, եթե չստացվի, չի բացառվում նաև վիրահատություն արվի։

Բայց ինչո՞ւ են քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, ի վերջո կալանավորվածների համար հիվանդանոց է գործում։

Ես չեմ այդ հարցին պատասխանել, ինքս բժիշկ չեմ, բժիշկները երևի թե գտել են, որ բուժումը հնարավորինս ավելի արդյունավետ կարող է իրականացվել քաղաքացիական հիվանդանոցում։

Իսկ կալանավորումից  անմիջապես հետո է տեղափոխվե՞լ։

Ճիշտն ասած ես այդ պահին օրը չեմ հիշում, բայց եթե չեմ սխալվում․․․ իրոք չեմ հիշում։

Տեսակցել ե՞ք նրան։

Այո, իհարկե։ Երեկ էլ եմ տեսակցել իրեն։

Նույն վիճակո՞ւմ էր։

Անկողնային վիճակում էր, բուժումները ստանում է, հետազոտություններ, համապատասխան բուժումներ։

Պարոն Միքայելյան, իսկ այդ հիվանդությունները նոր սրվեցին, թե՞ նախկինում էլ կար։

Չէ, նախկինում էլ եղել, պարբերաբար ինքը բուժումներ է անցել, ուղղակի հիմա այդ պայմաններից ելնելով առավել սրվեցին։

ՔԿՀ-ի պայմանները լավ չէին փաստորեն։

Նման հիվանդությունների համար իհարկե լավը չէր կարող լինել, ու չի կարելի ՔԿՀ-ում նման հիվանդությունների առկայության պարագայում պատշաճ բուժում ստանալ, կամ դիմանալ այսպես ասած։

Իսկ գուցե՞ հանգամանքը, որ նա իշխանական պատգամավորի եղբայրն է, դրա համար է, որ իրեն նկատմաբ վերաբերմունք է դրսեւորվել։

Հիմա ձեր կարծիքով, եթե հիվանդություն չունենար, կտեղափոխվե՞ր հիվանդանոց։

Ես ոչինչ չեմ բացառում, դրա համար եմ հարցնում։

Ունենք այն ինչ ունենք, հիվանդությունների առկայությունը, բժշկական միջամտությունները, հիմա այդ պայմաններում ես ենթադրեմ, թե եթե դրանք չլինեին, ինչ կլիներ։ Ամեն դեպքում հիվանդանոց է տեղափոխվել բուժման համար։

Հիշեցնենք, որ  այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։  Կրակողը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։

Irakanum.am