«Թալիբան» շարժման զինյալները հերքել են Աֆղանստանի կառավարական ուժերի վրա հարձակման ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակումներն ու սպանությունները` կոչ անելով անկախ հետաքննություն անցկացնել եւ ձգտելով վստահեցնել աֆղաններին, որ «ոչ մի տուն կամ ընտանիք մեր կողմից որեւէ սպառնալիքի չի բախվի», հաղորդում է Reuters-ը:

Իսլամիստ գրոհայինները հայտարարություն են տարածել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում զոհվել է ավելի քան 1000 խաղաղ բնակիչ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտնել է, որ օգոստոսից սկսած 15 բժշկական հաստատությունում բուժվել է մոտ 4042 վիրավոր:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել է, որ խումբը «ոչ մի բնակավայրում չի թիրախավորել խաղաղ բնակչությանը կամ նրանց տները, եւ գործողություններն իրականացվել են մեծ ճշգրտությամբ եւ զգուշությամբ»: Փոխարենը նա խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրել է Աֆղանստանի կառավարական զորքերին եւ օտարերկրյա ուժերին:

Միացյալ Նահանգները հերքել են «Թալիբան» շարժման կողմից պատասխանատվության մերժումը:
Թալիբներն առաջարկել են, որպեսզի ՄԱԿ-ի, ԿԽՄԿ-ի եւ այլոց ներկայացուցիչների խումբն ուղեկցի իրենց ներկայացուցիչներին` «վերջին իրադարձությունների անաչառ եւ անկախ հետաքննություն իրականացնելու համար»:

«Թալիբան» շարժման զինյալներն ակտիվացրել են ԱՄՆ-ի կողմից աջակցվող կառավարությանը ջախջախելու իրենց արշավն ապրիլից, երբ օտարերկրյա զորքերը սկսեցին դուրս գալ 20-ամյա պատերազմից հետո: Անցած շաբաթվա ընթացքում խմբավորումը գրավել է ինը նահանգային մայրաքաղաք, ինչը մտավախություններ է առաջացրել «կոշտ» իշխանությանը վերադարձի կապակցությամբ: