ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ ներկայացրեց։ Նախարարն ասաց, թե նպատակն է փոխել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսային գումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնությամբ ուղղված տարածքային համաչափությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն։ «Արտոնությունը գործում է ավելի քան հինգ տարի ժամկետում, կարգավորումը իսկզբանե ընդունվել է ընդգծված տնտեսական նշանակությամբ, առանց սահմանափակումների»,- ասաց նախարարը։

Կառավարության որոշման նախագծում ասվում է, որ  հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը՝

ա. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում,

բ. 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտն-վում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում,

գ. 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ երրորդ գոտում,

դ. 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ սույն կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերում չնշված գոտիներում»։

Այս օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ Սույն օրենքով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ։