«2018 թվականին, երբ կառավարական առանձնատունը հատկացվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի պաշտոնաթողությունից հետո բնակվի, չեմ ուզում ճշմարտության դեմ մեղանչել, ապրիլի 19-ի կառավարության հենց առաջին նիստի ժամանակ Սերժ Սագսյանը հրաժարվեց», — ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե մինչև 2018 թվականի հեղափոխությունը, երբ ՀՅԴ ներկայացուցիչները կոալիցիոն կառավարության անդամ էին, կառավարական ամառանոցներից մեկը գործադիրի որոշմամբ նվիրեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, և միայն հեղափոխությունից հետո այդ որոշումը չեղարկվեց։

Արծվիկ Մինասյանը ՔՊ-ականներին հորդորեց իրենց իշխանությանը չվերագրել այդ փաստը՝ հիշեցնելով նաև, որ երբ ՀՀ երրորդ նախագահը 2018 թվականին հրաժարվեց բնակվել օրենքով իրեն հասնող առանձնատանը, իշխանափոխություն դեռ տեղի չէր ունեցել։

«Դուք չկայիք ընդհանրապես։ Իշխանափոխություն չկար։ Պարոն Ռուբինյանն այնպես է ասում, կարծես՝ հենց եկաք իշխանության, զրկեցիք այդ հնարավորությունից, վերցրիք ձեռքից։ Դա այդպես չէ։ Ճշմարտությունը դա չէ։ Գուցե, կարող եք ասել՝ հանրային տրամադրություններն ազդեցին։ Բայց մի ասեք՝ ձեր իշխանության գալով եղավ այդ ամենը», — ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Արծվիկ Մինասյանին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Ջղաձգում, ջղաձգում, ջղաձգում մինչև վերջ տրամաբանության մեջ։ Պարոն Մինասյան, մարդկանց մոտ ջղաձգում է առաջացնում, երբ պայմանականորեն պետությունից 120 մլն դոլար գողացած մարդիկ խոսում են 120 հազար դրամ պարգևավճարից և անվանում են դա կոռուպցիա։ Ջղաձգում է առաջացնում, երբ շենքեր, ասաբնյակներ սարքած մարդիկ հեռուստաընկերություններ են գնում և ամեն օր խոսում են վարորդին կամ պահակին 90 հազար դրամ տրված պարգևավճարի մասին։ Ջղաձգում է առաջացնում, երբ դուք ասում եք, որ պաշտոնաթող նախագահները և ղեկավարները պետք է տուն ունենան, իսկ պետությունը չպետք է գործող երկրի ղեկավարին ապահովի տնով»։

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Ես անկեղծ զարմանում եմ, որ դուք եկել եք այստեղ, արդարացնում եք Սերժ Սարգսյանի՝ ինքն իրեն տուն նվիրելը և հետո զգալով, որ դա վերջին ամենասխալ քայլն էր․․ էն կառավարական տունն իր հարակից տարածքով, որն իր մեջ պարունակում է սաունաներ, լողավազաններ, որը գտնվում է մեջտեղում, ինքը նվիրում է իրեն, հետո մեծահոգաբար վերադարձնում է ու հրաժարվում։ Դուք Արծվիկ Մինասյանն եք, Դաշնակցության ներկայացուցիչն եք, ես զարմանում եմ, ինչու՞ եք Սերժ Սարգսանին պաշտապանում։ Ինչու՞ եք դուք ձեր վրա ստանձնել պարտավորություն՝ Սերժ Սարգսյանի փաստաբանությունը իրականանցնելու»։ Ալեն Սիմոնյանն առաջարկեց․ «Եկեք սկսենք պաշտոնաթող ղեկավարներից, սկզբում վերցնենք էդ առանձնատները, դրանք ավելի հարմար են ու մատչելի են»։