Արտյուշ Մարտիրոսյանը կրտսեր եղբոր հետ որպես կամավոր սեպտեմբերի 27-ին մեկնել էր Արցախ: Պատերազմի 5-րդ օրը Հադրութում նա ԱԹՍ հարվածի հետեւանքով ստացել է բեկորային վնասվածք եւ մահացել է եղբոր ձեռքերի մեջ:

Արտյուշը 34 տարեկան էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա: Պատերազմի մասին լուրն իմանալով առանց երկմտելու գնացել էր մոտակա զինկոմիսարիատ: Այնտեղ տեսել էր կրտսեր եղբորը, ով եւս եկել էր կամավորագրվելու: Եղբայրնեի միջեւ վեճ էր առաջացել: «Մեծը փոքրին է ասել, որ նա չպետք է գնա, փոքրը մեծին է ասել: Բայց վերջում բարիշել են ու որոշել են երկուսով գնալ»,- պատմում է նրանց մայրը` Ալվարդ Մարտիրոսյանը:

Եղբայրները մեկնել են Հադրութ ու մասնակցել են մարտական գործողությունների, պարբերաբար զանգահարել են հարազատներին ու ասել են, որ լավ են, իրենց համար անհանգստանալու կարիք չկա:

Մեկ օր որդիներից զանգ չստանալով, մայրը սկսել է անհանգստանալ, տղաների որդիների ծառայակիցներին, ովքեր ասել են, թե հեռախոսը նրանց չեն կարող փոխանցել, քանի որ հեռու են: Այս պատասխաններն ավելի են խորացրել ծնողների անհանգստությունը:

«Ես արդեն լրիվ ինձ կորցրել եմ, ասում եմ` էրեխեքիս բան է եղել: Իջանք ներքեւ: Ամուսինս ինձ տանում էր գործի: Ճանապարհի հենց սկզբին փեսաս տաքսիով դուրս եկավ դեմներս: Ռիսկ չէր անում դուրս գալ մեքենայից: Ես իջա, առաջ գնացի,  ինքն էլ իջավ: Ասեցի` Արամ, ի՞ նչ ա եղել էրեխեքիս: Ասեց` ոչ մի բան : Նորից ասեցի` Արամ էրեխեքիս ի՞նչ ա եղել: Էլ չկարողացավ իրան պահել: Ինձ գրկեց ու լացեց: Ասեցի` ասա, ո՞ր մեկն ա: Ասեց` Տյուշը… ու ես էլ չեմ իմացել, թե ինչ է կատարվել, ոնց են ինձ տուն բերել»,- հիշում է տիկին Ալվարդը:

Նրան պատմել են, որ որդին վիրավոր վիճակում օգնության է սպասել, եթե օգնությունը ժամանակին հասներ, նա գուցե ողջ մնար. «Վիրավոր է եղել: Մի երեխու էլ ոտք է կտրվել: Հրամանատարը փախել է: Ում որ երեխաներին վստահել էին, ով որ էրեխեքին պետք է ուշադիր լիներ, նա թողել, փախել է: Շտապ օգնության մեքենա են սպասել, բայց ուշացել է: Ասում են` եթե շուտ գար, կարող ա փրկեին: Բեկորը պոչկի մեջ էր մտել: Ներքին արնահոսությունից է մահացել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: