Ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներսում չկա միասնականություն և կառավարող մարմին։ Այս մասին ԱԺ-ում հատարարեց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Երկու խմբակցություններում էլ կան մարդիկ, որ բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձում են ինչ-որ վիրավորանքների, պիտակների, չարաճճիության միջոցով աչքի ընկնել։ Դիմում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին, եթե չեք կարողանում ձեր գործընկերներին զսպել, դա կանեմ ես։ Թող որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ անելու եմ ամենախիստ ձևով»,-ասաց ԱԺ նախագահը։

Այնուհետև Ալեն Սիմոնյանը, դիմելով իշխանական գործընկերներին, հորդորեց չարձագանքել ամեն սադրանքի։

«Մարդիկ պարտվել են, շատ մռմռացել են այդ պարտությունից։ Այդ մռմուռը մինչև հիմա ոմանց մեջ է, չեն կարողանում հասկանալ, թե այդքան փող ծախսելուց հետո, այդքան ատելություն տարածելուց հետո ինչպես պարտվեցին»,-նշեց Ալեն Սիմոնյանը։

Վերջինս նշեց՝ ընտրությունների ընթացքում այն բոլոր մարդիկ, որոնք հայհոյանքներ օգտագործեցին և փորձեցին աչքի ընկնել, ՀՀ քաղաքացիները մերժեցին նրանց և վերջիններս հայտնվեցին քաղաքական աղբանոցում։

«Այդ մանր-մունր սադրանքներին, կրթություն, դաստիարակություն չունեցող մարդկանց արտահայտություններին մի՛ արձագանքեք։ Տեղը չեն բերել՝ ուր են եկել։ Սա ՀՀ ԱԺ-ն է։ Ամենախիստ ձևով արձագանքելու եմ։ Կգնաք, կդիմեք տարբեր տեղեր, ինչ ուզում եք արեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը։