ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադարձավ այսօրվա նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։

«Մենք ականատես եղանք միմյանց հասցեին հնչած վիրավորանքների, ԱԺ լիագումար նիստերի դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցներ, և նիստը նախագահողը ստիպված եղավ ընդմիջել նիստը։ Ո՞րն է պատճառը, պատճառների մասին խոսում ենք գրեթե բոլորս, ընդդիմությունն ունի իր տեսակետը, իշխանության խմբակցության ներկայացուցիչները՝ իրենց տեսակետը։ Եվ ես դա համարում եմ նորմալ, որովհետև Ազգային ժողովը ձևավորվել է հենց այդ տրամաբանությամբ։ Եվ մենք այստեղ ներկայացնում ենք ոչ միայն մեզ, այլ ներկայացնում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին»,- ասաց Վանեցյանը։

Նա հավելեց․ «Այս մեկ շաբաթվա ընթացքում ՔՊ պատգամավորները մշտապես իրենց ելույթներում անդրադառնում են մի թեզի և փորձում են հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե՝ մենք եկել ենք այստեղ աշխատելու, ուզում ենք լավ գործեր անենք, արագ ավարտենք այս ԱԺ ձևավորման գործընթացը և անցնենք աշխատանքի։ Հարգելի գործընկերներ, այո, դուք ստացել եք մեր քաղաքացիների քվեն, որի արդյունքում ձևավորել եք կառավարություն, և երկրում բարեփոխումներ բերելը, երկիրը բնականոն պահելը, երկրի անվտանգությունն ապահովելը, երկրի սահամաններն անասասան պահելը դա ուղիղ ձեր պարտականությունն է և ձեր պատասխանատվությունը։ Ընդդիմության պատականությունը և պատասխանատվությունը օպոնենտ լինել իշխանություններին, քննադատել։ Երբեմն այդ քննադատությունը լինելու է շատ սուր, երբեմն այդ քննադատությունը լինելու է ոչ հաճելի ձեզ և ձեր գործընկերներին։ Եվ մեզ պատվիրակել են գալ ԱԺ այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն եղել ձեր կառավարմանը, ձեր վարած քաղաքական կուրսի հետ։ Եվ մեզ մեղադրել նրանում, որ մենք ձեզ քննադատում ենք, կարծում եմ՝ ճիշտ չէ»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ շատ հաճախ հարցուպատասխաններն ու տեղից հնչող ելույթները հիշեցնում են մի անեկդոտ։ «Մեկի թեկնածությունը ներկայացնելիս դահլիճից մեկն ասում է՝ էս մարդու աղջիկն անբարոյական է։ Հետո սկսում է արդարանալ, ասել, որ նման բան չկա, որովհետև ես աղջիկ չունեմ։ Ասում են՝ դե գնա ապացուցի։ Հիմա անպատասխանատու ինչ-որ հայտարարություններ եք անում, հիմնազուրկ, որից հետո մենք փորձում ենք ապացուցել, որ նման բան չկա»,- ասաց նա։

Վանեցյանն անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկին՝ համագործակցելու վերաբերյալ։ «Ես չգիտեմ, որևէ մեկը կասկած ունի՞, որ եթե ՀՀ-ին ինչ-որ արտաքին սպառնալիք լինի կամ պետք լինի մեր միասնական որոշումը՝ ՀՀ պետական շահն առաջ մղելու, մենք դեմ ենք լինելու կամ միասնական չենք գործելու։ Ոչ, հավատացեք, որ գործելու ենք միասնական և ցույց ենք տալու մեր բոլորիս միասնությունը։ Բայց նաև տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են իրենց ելույթներով, երբեմն ոչ նորմալ ռեպլիկներով ստեղծել մի իրավիճակ, որ ընդիմությունն սկսի չխոսել այն ավերիչ պատերազմի հետևանքների մասին, չխոսի, թե ի վերջո ինչու եղավ այս պատերազմը, ինչու զոհվեցին մեր հայրենակիցները, ինչու կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, ինչու է մինչև այսօր ադրբեջանական զինուժը մոտ 3,5 կմ մխրճվել ՀՀ տարածք ու դուրս չի շպրտվել։ Այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն, այդ հարցերը մենք մշտապես բարձրացնելու ենք», հավելեց Վանեցյանը։