Նախօրեին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը, Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով եւ որ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները արհեստական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ապացույցների թվում է Ադրբեջանի նախագահի ու Թուրքիայի 1-ին տիկնոջ միջեւ տեսաձայնագրված խոդակցությունը, որտեղ խոսվում է գերիներին հատուկ պահելու եւ մաս-մաս վերադարձնելու մասին:

Քննարկումը կազմակերպել էր ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման եւ իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում էր նաեւ Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը»։