Ռուսական Независимая Газета պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և այդ համատեքստում ՀԱՊԿ արձագանքին: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք պարբերականի հոդվածը.

«Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հրավերով: Սա նորանշանակ նախարարի առաջին արտասահմանյան ուղևորությունն է, և բնական է, որ դեպի ռազմավարական դաշնակից: Նախօրեին նա Երևանում ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, որն աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան՝  հանդիպելու հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:

Զասի այցը Հայաստան հատուկ ուշադրություն է գրավել այն պատճառով, որ նրա նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ուղեկցվել է Երևանի առաջացրած սկանդալով: 2018 թվականի հուլիսին Երևանում ձերբակալվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝  հայկական ռազմական կառույցներում իր նախկին աշխատանքի հետ կապված իրադարձությունների պատճառով: Ընդ որում, Հայաստանի հեղափոխական կառավարությունը կարծում էր, որ կարող է պաշտոնավարման երեք տարին չավարտած Խաչատուրովին փոխարինել ՀԱՊԿ-ում մեկ այլ ներկայացուցչով: Բայց դա այդպես չէր:

Երևանը ստիպված էր ենթարկվել Մինսկի և Նուրսուլթանի ճնշումներին, և Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը դարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Դաշինքի դաշնակիցները, կարծես, կարգավորել են կոնֆլիկտը, սակայն նստվածքը, կարծես, մնացել է: Հետագա իրադարձությունները չեն նպաստել մթնոլորտի բարելավմանը`հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմը, հետագայում լարվածությունը սահմաններին և ադրբեջանական ուժերի  առաջխաղացումը Հայաստանի տարածքում: Երևանն այդպես էլ չստացավ այն աջակցությունը, որը, թվում էր, ՀԱՊԿ-ը պարտավոր էր տրամադրել իր անդամին: Ամեն անգամ դաշինքը պատճառ էր գտնում Հարավային Կովկասում թեժ իրադարձություններից հեռու մնալու համար: Երբ պատերազմը շարունակվում էր, ՀԱՊԿ-ն իր չմիջամտելը բացատրեց նրանով, որ Ադրբեջանը չի սպառնում Հայաստանին, իսկ երբ խնդիրներ ծագեցին հայ-ադրբեջանական սահմաններին և Հայաստանի սահմանամերձ գոտում, հայտարարեց, որ դաշինքը, իր իսկ կանոնադրության համաձայն, չի զբաղվում սահմանային հակամարտություններով:

Հաշվի առնելով այս ամենը՝ Արշակ Կարապետյանի՝  նման մակարդակի հանդիպման ժամանակ ունեցած արտասովոր ելույթը պատահական չես անվանի:

«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»,-հայտարարել է Կարապետյանը՝ ափսոսանք հայտնելով, որ ՀԱՊԿ-ում որոշումներ կայացնելու և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմները չեն համապատասխանում գործառնական միջավայրի պահանջներին:

Պաշտպանության նախարարը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է  Հայաստանի մոտեցումների մասին ՀԱՊԿ-ում իր նախագահության օրոք, որը կսկսվի սեպտեմբերի 16-ին. կազմակերպությունը պետք է բարձրացնի իր արդյունավետությունը և զարգացնի ռազմական բաղադրիչ:

Ի դեպ, փորձագետները թերահավատորեն վերաբերվեցին Երևանի այս «հայտին»` համարելով, որ Հայաստանը չի կարողանա վերջ դնել դաշինքի ամորֆությանը` շատ ավելի ուժեղ խաղացողների առկայության դեպքում, որոնց դա չի հետաքրքրում՝ թերևս միայն Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և աջակցությամբ:

Ստանիսլավ Զասը Երևանի դժվարությունների մասին արդեն բավականին մանրամասն գիտեր Արտաքին գործերի նախարարությունում և Անվտանգության խորհրդում կայացած հանդիպումներին և ճանաչեց Հայաստանին Ադրբեջանից սպառնացող վտանգը: Բայց միայն այսքանը: Եթե տանտերերը հյուրից ակնկալում էին գոնե դեկլարատիվ աջակցություն և Բաքվի քաղաքականության դատապարտում, ապա, ամենայն հավանականությամբ, այդ պահին նրանք հիասթափված էին: Ընդ որում, որ որոշակի անկումից հետո Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների երկայնքով լարվածությունը նորից սկսել է աճել:

Օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Աղբյուրի համաձայն՝ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ»: