«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին:

Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց թվին է դասվում նաև Ազգային ժողովի մեր երկու գործընկեր պատգամավորների մինչ օրս կալանավորված մնալը: Սահմանադրության 94-րդ հոդվածը երաշխավորում է պատգամավորի ներկայացուցչական մանդատը: Նշվածն ուղղակի պարտականություն է նախատեսում Ազգային ժողովի պատգամավորների համար իրենց կարգավիճակից բխող: Նույն դատավորը օգոստոսի 3-ին հարգելի էր համարել Ազգային ժողովի նիստերին մասնակցելու պայմաններում պատգամավորի բացակայությունը, բայց նույն իրավական պայմաններում Ազգային ժողովի ձևավորման Սահմանադրության ուժով գումարվող և դեռ շարունակվող նիստերի պայմաններում, դատավորն ամբողջովին հակառակ մոտեցում է որդեգրում: Նման վարքագծով, փաստացի, դատավորը որոշել է միջամտել Ազգային ժողովի բնականոն գործունեությանը և հենց պատգամավորի ներկայացուցչական մանդատին, ինչն իրավական որևէ գործընթացի հետ աղերս չի կարող ունենալ:

Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարքագծին:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Արմեն Գևորգյանը մշտապես պահպանել է հարգանքը դատարանի նկատմամբ, և ցանկացած հանգամանք նախապես պատշաճ կերպով տեղեկացվել է դատարանին»։