Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գոռգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ: Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած:

Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո», — ասված է հաղորդագրությունում: