ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քաբուլին կոչ է արել պայքարել սեփական հայրենիքի համար այն դեպքում, երբ հայտնի է, որ «Թալիբան»-ի գրոհայինները վերահսկում են Աֆղանստանի տարածքների արդեն 65 տոկոսը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Աֆղանստանի առաջնորդները պետք է միավորվեն»,-ասել է Բայդենը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ Աֆղանստանի զորքերը թվաքանակով գերազանցում են «Թալիբան»-ի զորքերին, եւ նրանք պետք է պայքարեն իրենց հայրենիքի համար:

ԱՄՆ նախագահն ասել է, որ չի փոշմանել Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման իր որոշման համար: Նա նշել է, որ Վաշինգտոնը վերջին 20 տարում ավելի քան 1 տրիլիոն դոլար է ծախսել եւ կորցրել հազարավոր զինծառայողների այդ երկրում գտնվելու ընթացքում:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել աֆղանական ուժերին:

«Թալիբան»-ի ուժերն այժմ վերահսկում են Աֆղանստանի տարածքների 65 տոկոսը, սպառնում են գրավել 11 նահանգների վարչական կենտրոններ եւ ձգտում Քաբուլին զրկել հյուսիսում զինվորականների կողմից աջակցությունից:

ԱՄՆ-ն մի քանի ավիահարված է հասցրել՝ հաջակցություն կառավարական ուժերի: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ հարվածները «դինամիկ» ազդեցություն են ունեցել թալիբների վրա, սակայն խոստովանել է այդ օգնության սահմանափակ բնույթը: