Ինձ համար անընկալելի է, որ թշնամու հետ իրենց տոնը՝ նովրուզը նշած Մարիա Կարապետյանը մեր հայրենասիրությունն ու հանուն հայրենիքի աշխատելու ունակությունները կասկածի տակ է դնում։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Տիկին Կարապետյանը խոսում է այն մարդկանց հայրենասիրության մասին, որոնք մանդատ չունենալով՝ Եվրոխորհրդարանում գերիների հետ կապված հայտարարություն են անցկացրել, որոնց հետ յոթերորդ գումարման խորհրդարանի ձեր գործընկերները խորհրդակցում էին, և դա նորմալ է։ Դուք խոսում եք մարդկանց մասին, որոնք որպես ՀՀԿ, 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի շատ և ավելի կոշտ հռետորիկայով միջազգային հայտարարություններ են բերել, քան խորհրդարանը։ Եվ դուք կասկածի տակ եք դնում, թե արդյոք մենք կկարողանանք համատեղ ճակատով հանդես գալ միջազգային ատյաններում, թե ոչ»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը նկատեց՝ Էդուարդ Աղաջանյանը վերջին 30 տարիների բանակցությունների գործընթացը ժամավաճառություն է որակել։ Հայկ Մամիջանյանը հետաքրքրվեց՝ ինչպես են 2016թ.-ի քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ դնում։
«Կասկածի տակ դնել դրանից հետո տեղի ունեցած դիվանագիտական հաղթանակները։ Ես խոսում եմ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից։ Հիշեցնում եմ՝ Մինսկի խմբում Թուրքիան էլ կա, ոչ թե այդ պահին կողմ էր հանդիսանում, այլ համակարծիք էր այդ հայտարարության հետ։ Դա է դիվանագիտական հաղթանակ»,-նշեց պատգամավորը։
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաև Էդուարդ Աղաջանյանի երեկվա հարցուպատասխանի ժամանակ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 50-50 տոկոսի հետ կապված պատասխանին։ «Դուք տվեցիք մի պատասխան, որը շատ նման է էն անեկտոդին, որ ես անանաս չեմ կերել, բայց հարևանիս աղջիկը տեսել է, ոնց են ուտում։ Ինչ է նշանակում ես անձամբ չեմ տեսել, բայց լսել եմ, որ կան քրգործեր»,-նշեց պատգամավորը, հավելելով, որ որեւէ քրեական գործ չկա, դրանք միֆ են։