ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր առաջնահերթություններից  պետք է լինի զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմի մշակումը:  Այս մասին իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի թեկնածությունը ՔՊ-ն առաջադրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Որևէ բան չի մոռացվել, և տարիներ շարունակ բանակից գողացվածը վերադարձվելու է բանակ, անկախ նրանից, թե այս պահին ինչ կարգավիճակում են գտնվում զինված ուժերը տասնամյակներով թալանողները: Հուսով եմ, որ բանակից թալանվածը հնարավորինս շուտ կհանձնվի բանակի տնօրինմանը, նախքան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին համապատասխան օրենքի տարածումը դրանց վրա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այս պահին յուրաքանչյուրի խնդիրը պետք է լինի անվտանգության համակարգի ամբողջական վերականգնումը, բանակի հզորացումը, որի տակ պետք է հասկանալ ոչ միայն նորագույն սպառազինության ձեռքբերում, այլև զինվորական համազգեստ կրող անձի արժեհամակարգի փոփոխություն: Այս գործընթացում Անդրանիկ Քոչարյանը կարևորում է, թե ներքին, թե Սփյուռքի ուժերի կենտրոնացումը: Ըստ նրա՝ աշխարհասփյուռ հայության գիտական մտքի կիրառմամբ բանակը ձեռք կբերի մասնագիտական նոր գիտելիքներ, որոնք գործի կդրվեն ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու, նոր զինատեսակներ, ռազմական տեխնիկա ստեղծելու նպատակով:

Մարտի 1-ը դեռ բացահայտված չէ նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ջանքերով, որովհետև գործի այդ հատորները մնացին մեր ժողովրդից անհասանելի։

«Գնացին ՍԴ-ում իրենց սիրելի Հրայր Թովմասյանի և մյուսների աջակցությամբ կարողացան 300.1-ը հանել, կարծես սահմանադրական այդ փոփոխությունը Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի կողմից չէր արվել։ Միևնույն է, մարտի 1-ի գործընթացներին մենք նորից անդրադառնալու ենք գուցե այլ դրվագներով»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ընդդիմադիրների հիշատակումներին, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Վիգեն Սարգսյան վերադարձի՛ր տուն, որովհետև քո 1000 դրամների ծրագիրը ոնց որ թե նկարագրվեց, որ քո գրպանից է դրվում, այլ ոչ թե մեր ժողովրդի հավաքած ամենամսյա գումարների շնորհիվ։ Միքայել Հարությունյան տու՛ն վերադարձեք։ Հրանուշ Հակոբյանի ականջը կանչի։

Պետք է գան, որ լինեն ՀՀ-ում, որովհետև նրանք զբաղեցրել են այնպիսի պաշտոններ, որոնք տնօրինում են շատ մեծ գաղտնիքների և գաղտնիության ժամանակաշրջանն ավարտված չէ։ Նախարարներն օտարության մեջ պետք է չլինեն»,-ասաց պատգամավորը։