Սեպտեմբերից Գյումրու «Շիրակ» օդանավակայան ժամանած ուղևորները կօգտվեն ժամանման նոր  սրահից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ՝ կառուցվում է նոր ժամանման սրահ ու ամբողջությամբ նորոգվում է վազքուղին:

Ժամանման հին սրահը, որն ունի 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ, մինչդեռ կառուցվող նոր սրահը կունենա 870  քառակուսի մետր մակերես, որտեղ կգործի անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և կլինի ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները:

«Նոր սրահը կունենա 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում  հնարավոր կլինի եռապատկել»,- մանրամասնեց «Արմենիա» միջազգային օդանավակայանների Ինֆրաստրուկտուրաների բաժնի շինարարության ղեկավար Սևակ Թահմասյանը:

«Շիրակ» օդանավակայանի փաստացի թողունակությունը տարեկան կազմում է 250000 ուղևոր, որը կհասցվի  700000 ուղևորի:  Նոր ժամանման սրահը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին:

Այս աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ են վազքուղու նորոգման աշխատանքները: Այն ունի  3220 մետր երկարություն և  45 մետր լայնություն: «Թեև  վազքուղու ասֆալտապատման ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի  վազքուղին  վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին՝ 14  տարի առաջ: 14  տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր և վնասվածքներ և անհրաժեշտություն էր զգացվում վազքուղու նորոգման»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության  տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը:

Շինարարություն իրականացնելու համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի արդյունքներով շինարարական աշխատանքները իրականացնում է «Էյ ԲԻ ԲԻ» ընկերությունը: Վազքուղու համար կառուցվում է նաև նոր ջրահեռացման համակարգ:

Ըստ պայմանագրի վազքուղին նորոգվում է երեք տարվա երաշխիքային սպասարկմամբ: