Կառավարության կազմում սպասվում են որոշ փոփոխություններ։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մասնավորապես առաջիկա օրերին ՊԵԿ-ում և Առողջապահության նախարարությունում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ։ Առողջապահության փոխնախարար Արտյոմ  Սմբատյանը առաջիկա օրերին կտեղափոխվի ՊԵԿ։ Մեզ ասացին, որ Սմբատյանը կնշանակվի ՊԵԿ փոխնախագահ։ Համապատասխան որոշումն արդեն կայացած է։ ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանն անձամբ է ցանկացել, որ Սմբատյանը տեղափոխվի իր ղեկավարած կառույց, նշանակվելով իրեն տեղակալ։ Ամենայն հավանակությամբ Սմբատյանը կփոխարինի ՊԵԿ երկարամյա պաշտոնյա Ռաֆիկ Մաշադյանին։ Արտյոմ  Սմբատյանը համարվում է Առողջապահության նախկին նախարար, ներկայումս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի «հոգեզավակը»։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Արտյոմ Սմբատյանն արդեն իսկ նախարարության աշխատակիցներին հրաժեշտ է տվել։

Իսկ ահա Առողջապահության փոխնախարարի հավանական թեկնածու իշխանությունը դիտարկում է «Վիգմոր» բուժհաստատության ֆինանսիստ Ահարոն Բարսեղյանին։ Հայտնի է, որ Ահարոն Բարսեղյանը «Վիգմորի» տնօրեն Զավեն Քոլոյանի մտերիմն է, իսկ Զավեն Քոլոյանն էլ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի «հոգեզավակն» է համարվում։

Irakanum.am