Այսօր ԱԺ նիստի ընթացքում Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, ում ընդդիմադիր խմբակցությունն առաջադրել է Տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Ռուբինյանը հետաքրքվեց Հակոբյանից, թե ինչու է վերջինս 2018-ին հեռացել Հանրապետական կուսակցությունից, ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ այդ ժամանակ շատերն էին լքում ՀՀԿ-ին՝ իշխանությունից զրկվելու պատճառով։«Եթե ես չեմ սխալվում 2018 թվականի հուլիսն այն ժամանակահատվածն էր, երբ շատերը լքում էին ՀՀԿ-ն, որովհետև ՀՀԿ-ն կորցրել էր իշխանությունը։ Ի վերջո ինչով էր սա պայմանավորված, միգուցե՞, որ ՀՀԿ-ն կորցրել էր իշխանությունը»,- հարցրեց Ռուբինյանը։

Ի պատասխան  Հակոբյանը նշեց, որ այդ ժամանակ չի ցանկացել զբաղվել քաղաքականությամբ և որևէ այլ պատճառ չկար։

«Հետո դուք ստիպեցիք վերադառնալ քաղաքականություն, հարգելի գործընկերներ»,- ասաց Հակոբյանը։  Ռուբինյանն էլ արձագանքեց, թե այդ դեպքում ինչու չվերադարձավ ՀՀԿ, այլ հիմնեց նոր կուսակցություն։

«Կա արդյո՞ք հավանականություն, երբ մի օր էլ «Հայաստան» դաշինքը դժվարություններ ունենա, Դուք նորից չեք ուզենա զբաղվել քաղաքականությամբ և հանձնաժողովի նախագահի պաշտոնը թողնեք»,- հարցրեց Ռուբինյանը։

Ի պատասխան Հակոբյանն ասաց. «Ես փաստում եմ, որ Դուք մանիպուլյացիայի մեծագույն վարպետ եք, բայց ես նորից եմ ասում, ես էն ժամանակ չէի ուզում զբաղվել քաղաքակոնությունով, այդ իսկ պատճառով լքեցի ՀՀԿ-ի շարքերը, ես հպարտ եմ, որ եղել եմ ՀՀԿ-ի անդամ։ Այն ժամանակից, երբ ես որոշում կայացրեցի վերադառնալ քաղաքականություն, իմ մոտ կար հստակ մոտեցում, որ ես պետք է ստեղծեմ իմ կուսակցությունը։ Այդ թվում, ՀՀԿ-ի լավ կողմերը և իհարկե բացթողումներն անալիզ անելով, մենք բերեինք, ստեղծեինք այն կուսակցությունը, որով մենք կարողանայինք հանդես գալու Հայաստանի քաղաքական կյանքի մեջ»։

Արձագանքելով Ռուբինյանն ասաց, որ այլեւս իրեն որակումներ չտա, քանի որ ինքն ընդամենը հարցեր էր տալիս։ Վահե Հակոբյանը փորձեց պատասխանել, ինչից  հետո ԱԺ փոխխոսնակն ասաց, որ իրեն չընդհատի։