«Ինձ խորհրդարան անկեղծ ասեմ բերեց պատերազմը և պատերազմի հետևանքները, մեր երիտասարդների կորուստները և այլն»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ որոշեց առաջադրվել պատգամավորի թեկնածու և գալ ԱԺ։  Հարցին, թե ո՞ր հանձնաժողովում եք ներկայացված լինելու, Դավիթ Սեդրակյանն ասաց, որ քննարկելու է խմբակցության հետ, բայց նախապատվությունը կտա Տարածքային և բնապահպանական հարցերով հանձնաժողվին։

Դիտարկմանը, թե այդքան էլ ակտիվ պատգամավոր չեք և որ Իշխան Սաղաթելյանը առաջին անգամ ԱԺ փոխխոսնակ չընտրվեց Ձեր բացակայության պատճառով, պատգամավորն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ պարտադիր չէ, որ բոլորը ԱԺ-ում դահլիճում ակտիվ լինեն հարցերով և ելույթներով, եթե ես ակտիվ պատգամավոր չլինեի, ապա այս հարցազրույցը ևս չէր լիներ»։ Ինչ վերաբերում է բացակայությանն, ապա Սեդրակյանն ասաց, որ երկրում չի եղել, ինչի մասին խմբակցությունը տեղյակ է եղել, բացի այդ իշխող խմբակցությունը ևս  տեղյակ է եղել, որ ինքը բացակայում է։ Սեդրակյանը նկատեց, որ իր բացակայությունը իշխանությունը շահարկել է և փորձել է փոքրիկ խաղ խաղալ։

Անդրադառնալով հոր՝ Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործերին, պատգամավորն ասաց, որ դրանց մի մասը գտնվում է դատարանում, մյուսն էլ՝ նախաքննական փուլում և հանրությունը դրա մասին կտեղեկանա։

Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև նախկինում արձանագրված միջադեպերին, ապա Դավիթ Սեդրակյանն ասաց, որ այդ միջադեպերը կարճ ժամանակում հարթվել են։ Ինքը լրագրողների հետ աշխատանքում սահմանափակված չէ, դեմ է, որ ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը փորձում են ամեն կերպ սահմանափակել։