Եվրամիությունը մեծացնում է Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպերի արագացմանն ուղղված աջակցության փաթեթի ծավալները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության գրասենյակը հայտնում է, որ Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, գործընկեր երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումների տեմպերն արագացնելու ծրագրի շրջանակներում օգոստոսի 10-ին որոշում է կայացրել աջակցության փաթեթը 40 մլն եվրոյից 75 մլն եվրոյի հասցնելու՝ Արևելյան Գործընկերություն ծրագրի մասնակից վեց երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր մատակարարելու և պատվաստման տեմպերը բարձրացնելու նպատակով:

Աղբյուրը նշում է, որ հավելյալ 35 մլն եվրո աջակցության փաթեթի միջոցով Եվրամիությունը նպատակադրվել է պատվաստանյութերի գլոբալ դեֆիցիտի պայմաններում էապես ավելացնել դրանց հասանելիությունը Արևելյան Գործընկերության տարածաշրջանի համար՝ հեշտացնելով ԵՄ անդամ պետությունների կողմից պատվաստանյութերի տարածումը և փոխհատուցելով դրանց ծախսերը:

Այս օգնությունը, ըստ ԵՄ պատվիրակության հաղորդագրության, լրացնում է Եվրամիության աջակցությունը ԿՈՎԱՔՍ նախաձեռնությանը՝ պատվաստանյութերի արդար և համընդհանուր մատակարարումն ապահովող համաշխարհային հարթակին: