Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության  ԱԳ  նախարարի պարտականությունները  կատարող Արմեն Գրիգորյանի  հեռախոսազրույցը։

Քննարկվել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Բարձր է գնահատվել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության  և կայունության պահպանման գործում։
Ընդգծվել է Հայասատան-Արցախ-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել Արցախի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին։

 

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն