Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ որոշեց համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 72 մլն դրամով Խանջյան փողոցում պոմպակայան ձեռք բերել:

Նախագիծը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը:

«Հաշվի առնելով ՀՀ սնանկության դատարանի 2021 թվականի փետրվարի 26-ի վճիռը՝ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու վերաբերյալ, և նույն դատարանի 2021 թվականի հուլիսի 29-ի որոշումը՝ գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ, նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից հատկացնել 72 մլն 500 հազար դրամ՝ Խանջյան 2/6 հասցեում գտնվող պոմպակայանի ձեռք բերման նպատակով»,- նշեց Ներսիսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց, թե ինչ հզորության է լինելու պոմպակայանը, ինչ է տալու այն քաղաքին:

«Այդ պոմպակայանով մենք այժմ իրականացնում ենք Կենտրոն վարչական շրջանի ոռոգման մեծ մասը: Դրա վերանորոգման դեպքում հնարավորություն կլինի ոռոգել ամբողջ Կենտրոնը: Այդ պոմպակայանը գտնվում է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի հաշվեկշռում, համայնքն էլ ցանկանում է ձեռք բերել այն: Գումարն էլ ուղղվելու է ՓԲԸ-ում առկա պարտավորությունների ամբողջական մարմանը»,- նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Որոշումն ընդունվեց 36 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով: