Ամերիկյան տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը փնտրում է կամավորների, ովքեր կհամաձայնեն մի տարի ապրել մարսիական պայմաններում: Այս առաքելությունը Մարսի վրա կյանքի իմիտացիա կդառնա, հայտնում է Business Insider-ը:

Հյուսթոնի Ջոնսոնի տիեզերական կենտրոնի ներսում 158 քառակուսի մետր տարածքի վրա անսովոր առաքելության համար 3D տպագրության միջոցով կկառուցվի Mars Dune Alpha հատուկ մոդուլ, որը նախատեսված է չորս մարդու համար: Այնտեղ նրանք կապրեն, կաշխատեն, կմոդելավորեն տիեզերք դուրս գալու իրավիճակները եւ կկատարեն այլ առաջադրանքներ:

Դիմորդները պետք է լինեն 30-35 տարեկան եւ ունենան լավ ֆիզիկական առողջություն: Նրանք սահմանափակ կապ կունենան ընտանիքների, ընկերների եւ մտերիմների հետ եւ ստիպված կլինեն սովորել հաղթահարել սահմանափակ ռեսուրսները եւ սարքավորումների խափանումները:

NASA-ն նախատեսում է երեք փորձ, որոնցից առաջինը պետք է սկսվի արդեն հաջորդ աշնանը:

Գործակալության ներկայացուցիչները հայտարարել են, որ Երկրի վրա մոդելավորումը կօգնի հասկանալ եւ դիմակայել ֆիզիկական եւ հոգեբանական մարտահրավերներին, որոնց կբախվեն տիեզերագնացները Մարս ուղարկվելուց առաջ: Պայմանագրի արժեքը չի հաղորդվում: