«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ  Զարուհի Փոստանջյանը  դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՄԻՊ Արման Թաթոյանին՝  հայտարարելով, որ  իր ամուսնու ավտոմեքենայի հրկիզման դեպքը բացահայտելու ուղղությամբ իրավապահները քայլեր չեն ձեռնարկում։

Դիմումի մեջ նշված է․

«2021 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 3:30 սահմաններում, Երևանի Արաբկիր վարչական շրջանում` Բարեկամության մետրոյի հարևանությամբ՝ շուրջ 500 մետր, Կասյան եւ Գյուլբեկյան փողոցների բնակելի շենքերի բակում (Երևան, Կասյան 12 հասցե), Երևանի Արաբկիր համայնքը բնական գազ ապահովող գազատար խողովակի անմիջապես կողքին տեղի է ունեցել ահաբեկչական ակտ` կայանված ավտոմեքենայի պայթյուն և հրկիզում: Դիզելային շարժիչով աշխատող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի առաջին հատվածը գրեթե մոխրացել է: Ավտոմեքենան պատկանում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան, նախկին ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնուն` բժիշկ Սուրեն Դրամփյանին: Դեպքը տեղի է ունեցել Զարուհի Փոստանջյանի տան բակում:

Պայթյունից և հրդեհից անցել է շուրջ 100 ժամ (4 օր), սակայն Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, իր առաջնային պարտականությունը՝ մասնավորապես տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ մանրակրկիտ քննություն անցկացնելուն ուղղված (քրեական գործ հարուցելը և համալիր փորձաքննություն իրականացնելը) չի կատարել:

Մոխրացած ավտոմեքենան և դրա կողքին կայանված մեկ այլ ավտոմեքենա, որի հետնամասը նույնպես այրվել է ահաբեկչական ակտի պատճառով՝ ոստիկանության պահանջով շարունակում է գտնվել դեպքի վայրում:

Ահաբեկչական ակտի հետևանքով պատճառվել են բարոյական և նյութական վնասներ: Սակայն իրավապահ մարմինները պետության կողմից ճանաչված համապատասխան ընթացակարգերի՝ տուժողներին դատավարական կարգավիճակ չեն տվել և չեն տրամադրվել նրանց պաշտպանության միջոցներ։

Համադրելով փաստերը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը իր պարտականությունը ահաբեկչության դեմ պայքարում ոչ միայն չի կատարում, այլև դրսևորելով անգործություն` ըստ էության հովանավորում է ահաբեկչությունը՝ առաջացնելով հասարակության շրջանում վախի և անհանգստության մթնոլորտ ներկայի և ապագայի, իրավունքների և ազատությունների պաշտպանվածության համար, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Երևանի բնակելի մասում հատուկ վտանգ ներկայացնող պայթեցնող և հրկիզող նյութերի (զենքի) կիրառմամբ իրականացված ահաբեկչական ակտի վերաբերյալ քննություն չիրականացնելը պետության պարտականություններից հրաժարում է:

Առ այս պահը Հայաստանի Հանրապետության բնակչությանը ՀՀ իշխանությունների կողմից պաշտոնապես պարզաբանում չի տրամադրվել առնվազն` հանցագործության կատարման նախնական կանխավարկածի վերաբերյալ եւ հանցագործությունը բացահայտելուն ուղղված գործողությունների վերաբերյալ (ինչո՞ւ չի հարուցվել քրեական գործ եւ չի իրականցվել համալիր փորձաքննություն):

Կարող ենք փաստել, որ Երեւանում բնակվող և աշխատող քաղաքական եւ հասարակական գործիչները դարձել են ահաբեկչության թիրախ:

ֆիզիկական անվտանգության տեսանկյունից Երեւանը, որը պետք է դիտարկվի որպես հակաահաբեկչական պաշտպանվածության ենթակա հատուկ օբյեկտ, չի դիտարկվում: Այսինքն պետության պարտավորությունների մերժումը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր ահաբեկչական ակտերի կատարման համար:

Ուստի դիմելով Ձեզ ակնկալում եմ գործուն միջամտություն սույն դիմումի մեջ բարձրացված խնդիրը հետապնդելու ուղղությամբ»։