«2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը դատապարտում էր խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակելը, կարճ ժամանակ հետո գերդաստաններով դարձնում ԱԺ պատգամավոր, բանակի ընկեր լինելով՝ նշանակում պաշտոնների։ Օրինակ՝ Սուրեն Պապիկյանի բանակի ընկերներին կարելի է տեսնել շատ գերատեսչություններում։ Վլադիմիր Վարդանյանը 2003 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել, մինչեւ 16 տարվա փորձ ձեռք բերելով նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար։ Արդյոք չե՞ք գտնում, որ Քաղծառայության, Հանրային ծառայության մասին օրենքները առվազն բովանդակային առումով սկսվել են ձեւախեղվել։ ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել, որի մասին միակ բաց տեղեկությունն այն է, որ Արգավանդ կահույքի տնօրենն է։ Արդյոք չե՞ք համարում, որ կարեւորագույն պաշտոնը հեղինակազրկվել է անցնող տարիներին»։ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հավելելով, արդյոք չե՞ք գտնում, որ Քաղծառայության, Հանրային ծառայության մասին օրենքներն առվազն բովանդակային առումով սկսվել են ձեւախեղվել

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ շատ կարեւոր է պրոֆեսիոնալիզմը ցանկացած ոլորտում. «Չափազանց կարեւոր է՝ ունենալ արժանիքահեն քաղաքացիական եւ հանրային ծառայություն։ Պրոֆեսիոնալիզմը պետք է լինի ամենուրեք։ Մինչեւ 2015 թվականը ցանկացած հիմնարկի, ցանկացած գերատեսչության ղեկավար քաղծառայող կամ հանրային ծառայող էր։ 2015-ից այն վերածվել է վարչական պաշտոնի»։