ՀՀ պետական բյուջեի հատկացումներով հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատվածը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։

Այս ճանապարհն անցնում է Գառնի, Գողթ բնակավայրերով և տանում դեպի Գեղարդի վանական համալիր։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն, որն այս պահին կատարում է հողային աշխատանքներ, իրականացնելու է կողնակների ամրացում ավազակոպճային նյութով, կտեղադրվի հատիկավոր ենթահիմք՝ 10 սմ, խճավազային հիմք՝ 15 սմ, ասֆալտբետոնե ծածկ՝ 10 սմ, կասֆալտապատվեն իջատեղերն ու մուտքերը։

Կվերանորոգվեն այս հատվածում գտնվող երկու կամուրջ և մեկ ուղեանց։

Շինաշխատանքները կատարվում են երթևեկությանը զուգահեռ։ Երթևեկության ինտենսիվությունն այս հատվածում բավականին բարձր է, և հաշվի առնելով այս ուղղությամբ տուրիստական մեծ հոսքերը՝ ճանապարհը երթևեկության համար չի փակվել։