Երեկ, օգոստոսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում 25-ամյա Արտաշես Ազարյանը Նազարբեկյան թաղամասից դեպի Հարավ Արևմտյան թաղամաս տանող նորակառույց ճանապարհի՝ Շահումյան 16 փողոցի թիվ 162/1 հասցեի մոտ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է 44-ամյա Բաբկեն Բաբայանի վարած Caterpiller մակնիշի էքսկավատորին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, Opel-ը հարվածել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։  Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Ազարյանը, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Պետրոլ Օիլ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Opel-ը և փակել գազաբալոնի փականը, քանի որ բախման հետևանքով մեքենան վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ գազաբալոնն ու անվահեծաններից մեկը կոտրվել են: