Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 16։45-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 138 կմ հատվածում բախվել են Գանձաքար գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Նալբանդյանի վարած УАЗ մակնիշի և Վանաձորի բնակիչ՝ 39-ամյա Նաիրի Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ  УАЗ-ն էլ կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 42-ամյա Ռուստամ Աղամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդ Ն. Սարուխանյանն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ, իսկ Ռ. Աղամյանը՝ նույն զորամասում՝ որպես պայմանագրային ծառայող։ Իսկ վարորդն Ա. Նալբանդյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Աղստև» մասնաճյուղում՝ որպես հսկիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: