Տավուշում առկա անկլավների հարցը վերջին շրջանում շատ է քննարկվում։ Վերջերս նաև Վահե Ղալումյանը խոսեց այդ մասին, չբացառեց, որ դրանք կարող են հանձնվել Ադրբեջանին։ ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ «ՔՊ»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվելով, թե ինչ կարծիք ունի այդ հարցի վերաբերյալ։

Ագնեսա Խամոյանը նշեց, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները գտնվել են Տավուշի մարզում, շփվել տավուշցիների հետ և արձանագրել, որ դա անթույլատրելի է նրանց համար։

Արմեն Խաչատրյանը նշեց, որ ինքն ընդունելի չի համարում որևէ տարածքի հանձնում Ադրբեջանին. «Ես ընդունելի չեմ համարում որեւէ տարածքի հանձնում Ադրբեջանին, և ՀՀ-ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որ նման իրավիճակներ չստեղծվեն»,-ասաց պատգամավորը։

Արձագանքելով Խամոյանն ասաց, որ հույս ունի, որ պատգամավորը իր դիրքորոշումը կարտահայտի և կբարձրաձայնի նաև քաղաքական թիմում։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Վահե Ղալումյանը հայտարարել էր․«Ես ասել եմ՝ Տավուշում կան Տավուշի հողեր, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ և կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են մեր տիրապետության տակ»։
Ղալումյանը չէր բացառել, որ այս տրամաբանության ներքո տարածքների փոխանակում, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ։ «Չեմ բացառում։ Ես գտնում եմ, որ կա խնդիր, որ պետք է նստել, խոսել, հասկանալ»,- ասել էր նա։