Քրեական գործի հետ կապված՝ շարունակում է խնդրահարույց լինել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման և մարդուն շարունակաբար անորոշ վիճակում պահելու պրակտիկան: Խոսքը, մասնավորապես, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին վերաբերող խնդիրների մասին է։ Դրանից գլխավորներից է այն, որ մարդը չի իմանում կամ տեղյակ չի պահվում, որ իր նկատմամբ կիրառվում է երկիրը հատելու արգելք ու երբ, նույնիսկ տարիներ անց, փորձում է դուրս գալ երկրից, չի կարողանում։

Մարդու իրավունքների պաշտպանին տարիների ընթացքում հասցեագրված բողոքները վկայում են, որ պրակտիկան այդպես էլ չի բարելավել։ Միայն 2020 թվականին՝ պայմանավորված ռազմական ու արտակարգ դրույթներով, բողոքների թիվը եղել է տարբեր։ Պետական սահմանով անցման սահմանափակումները վերացնելուց հետո զուգահեռ բողոքները շարունակվում են հասցեագրվել։

Մտահոգիչ է հատկապես այն, որ նշված սահմանափակումների առկայության պայմաններում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում, այլև հենց քրեական գործ քննող մարմիններն են արձանագրել կասկածյալի կամ մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակմանն առնչվող խնդիրներ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

Մասնավորապես, անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները մուտքագրվում են ՍԷԿՏ (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ): Այդ համակարգի խնդիրը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ՀՀ մուտք (ելք) գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումն է, տեղեկատվության ստացման, կուտակման և մշակման ապահովումն է, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրումն է։

Ինչպես 2017, 2018, 2019, այնպես էլ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի քննությանն առնված դեպքերում չնայած անձինք կրած են եղել դատարանի կողմից նշանակված պատիժը, սակայն վերջիններիս՝ հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից չէր հանվել՝ դեռևս նախաքննության փուլում կիրառված արգելանքի հիման վրա:

Պաշտպանին ներկայացված բողոքների շարունակականության, ինչպես նաև խնդրի համակարգային բնույթի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը համակողմանի ուսումնասիրության առարկա է դարձրել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ապահովման սահմանադրաիրավական հիմքերն ու միջազգային իրավական սկզբունքները, արտասահմանյան երկրների օրենսդրական փորձը, ոլորտի ներպետական օրենսդրական կարգավորումների որոշակիությունն ու կանխատեսելիությունը:

Արդյունքում, Պաշտպանը խնդիրը ներկայացրել է օրենսդրության և իրավակիրառման սահմանադրականության տեսանկյունից՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրացմամբ։

ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-1360 որոշմամբ արտահայտել է իրավակիրառ պրակտիկայի իրավաչափությունը կանխորոշող պայմաններ՝ նշելով, որ «նման կանոնակարգման առկայության պայմաններում և նման կառուցակարգի միջոցով անձի տեղաշարժման ազատությունը սահմանափակելու պարագայում այն պետք է իրացվի բացառապես խափանման միջոցի վերացման մասին որոշում ընդունելու վերաբերյալ տեղեկատվությունը ևս նույն համակարգում տեղադրելու՝ իրավասու մարմնի հստակ պարտականության իրացման և անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խոչընդոտները վերացնելու պայմանով»՝ միաժամանակ արձանագրելով օրենսդրության մեջ այս պահանջի՝ վարույթն իրականացնող մարմնի վրա դրված հստակ պարտականության տեսքով ուղղակի ամրագրման բացակայությունը։

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքների բովանդակության ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կառավարության խնդրո առարկա որոշման մեջ խափանման միջոցի վերացման մասին որոշման վերաբերյալ տեղեկատվությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու ուղղակի պարտականության բացակայությունը հարցականի տակ է դնում այդ ընթացակարգի որոշակիությունը, քանի որ կոնկրետ իրավասու մարմնի վրա դրված այդպիսի պարտականություն չկա: Քանի դեռ օրենսդրական համապատասխան փոփոխություններ չեն նախաձեռնվել, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն սկզբունքով, որ խափանման միջոցի կիրառմամբ իրավասու մարմնին տեղեկություններ տրամադրելու պարտականությանը զուգահեռ ապահովվի հակառակի՝ խափանման միջոցի վերացման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականությունը:

Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված նույնաբովանդակ բողոքների շարունակականությունն ինքնին վկայում է ոչ միասնական իրավակիրառ պրակտիկայի մասին: Սա առաջին հերթին արդյունք է այն բանի, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները վերացվելու դեպքում ՍԷԿՏ համակարգում տեղեկատվությունը տեղադրելու կառուցակարգերը դեռևս բացակայում են: Այլ խոսքով՝ դեռևս հստակեցված չէ, թե որ մարմինը պետք է հանձն առնի անձի նկատմամբ կիրառված արգելքի սահմանափակման մասին ՍԷԿՏ համակարգը վարող մարմին տեղեկացնելու պարտականությունը:

Մեկ այլ խնդիր է այն, որ ներկայում ՍԷԿՏ համակարգը վարող Ոստիկանությանը համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է փոստային առաքման միջոցով, ինչն ինքնին բարդացնում է ընթացակարգը՝ խլում ավելորդ ռեսուրս և ժամանակ: Գործնականում անգամ դեպքեր են եղել, երբ անձը քրեական հետապնդումը դադարեցնելուց երկու-երեք օր անց փորձել է հատել պետական սահմանը, սակայն չի թույլատրվել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը անհրաժեշտ գրությունը Ոստիկանությանն ուղարկել է փոստային ծառայության միջոցով, ուստի այն դեռևս ստացված չի եղել: Նման դեպքերում Ոստիկանության հետ ձևավորված համագործակցության արդյունքում հնարավոր կարճ ժամկետներում խնդիրը լուծվում է գրությունը ֆաքսիմիլային տարբերակով Ոստիկանության իրավասու ստորաբաժանում ուղարկելու միջոցով: Սակայն պրակտիկան շարունակում է ընթանալ այնպես, որ գրություններն ուղարկվում են փոստային ծառայության միջոցով, չնայած նրան, որ իրավունքի սահմանափակման դե յուրե վերացումը անհապաղ ենթակա է դե ֆակտո կյանքի կոչման:

Ուստի, Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խնդրի լուծումը պետք է տրվի օրենսդրական բացի հաղթահարման ճանապարհով՝ համապատասխան ընթացակարգերի ամրագրմամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ, եթե անձն ունի որևէ դատավարական կարգավիճակ, օրինակ՝ մեղադրյալի, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ, ապա որևէ կերպ չի կարող սահմանափակվել հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը: