ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հյուրընկալեց Բոստոնից Հայաստան ժամանած ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի կլինիկական դասախոս, Հայ-ամերիկյան բժշկական միության անդամ, Advance Armenia Foundation-ի ներկայացուցիչ  Անուշ Սահակյանին:

Չլինելով ԵՊԲՀ շրջանավարտ և 31 տարի ապրելով արտերկրում, մեր հայրենակիցը մշտապես կապի մեջ է հայ գործընկերների հետ և մեծ նպատակ ունի նպաստել 100-ամյա բժշկական դարբնոցում, ծննդավայրում նոր ծրագրերի իրականացմանը:

Նախորդ տարի իր ղեկավարած Health for Armenia Initiative նախաձեռնության շրջանակում նա արդեն սարքավորումներով աջակցել է «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքին:

Այս անգամ հայրենիք կատարած այցի շրջանակում մասնագետը եղել է նաև Արցախում, աշխատանքային տարբեր հանդիպումներ ունեցել հայաստանյան բժշկական կազմակերպություններում:

Արմեն Մուրադյանը, ողջունելով հյուրի նախաձեռնողականությունը, նշեց, որ ԵՊԲՀ-ն բաց է համագործակցության համար՝ ուսումնական, կլինիկական, գիտական, ինչպես նաև սոցիալական ուղղվածության ոլորտներում:

Ռեկտորն ընդգծեց, որ համագործակցության առանցքում կլինեն ուսումնական՝ մասնավորապես գրադարանային ցանցի բարելավման ծրագրերը:

Բուհի ղեկավարն անդրադարձ կատարեց նաև հայ սովորողների արտերկրում հետազոտական ծրագրերի իրականացման, վերապատրաստումների, փոխանակային ծրագրերի հնարավորություններին՝ կարևորելով վերադարձից հետո հայրենիքում այդ ծրագրերի կիրառումն ու տարածումը:

Health for Armenia Initiative նախաձեռնության հիմնադիրը նշեց, որ այս այցի նպատակն առողջապահության ոլորտի կարիքների գնահատումն է՝ սկսած բժշկական կրթությունից մինչև բուժսպասարկում:

Նշենք, որ Անուշ Սահակյանը բժշկական կրթություն է ստացել Նյու Յորքում, կլինիկական օրդինատուրա է անցել Բոստոնում, ունի նաև հանրային առողջության մագիստրոսի և կլինիկական ինֆորմատիկայի մասնագետի կրթական աստիճաններ: Առաջիկայում՝ սեպտեմբերի վերջին նախատեսվող այցի շրջանակում, արտերկրից ժամանած մեր հայրենակիցը դասախոսությամբ հանդես կգա ապագա բժիշկների և հայ գործընկերների համար՝ խոսելով հանրային առողջապահական թեմաների՝ այդ թվում պատվաստվելու կարևորության մասին: