ԱՄՆ-ի առաքելությունն Աֆղանստանում շարունակում է կայանալ ամերիկյան զորքերի անվտանգ եւ կանոնավոր դուրսբերման մեջ, ինչպես հրահանգել էր նախագահ Ջո Բայդենը: Ընդ որում, ԱՄՆ-ն շարունակում է աջակցել աֆղանական ուժերին ֆինանսավորման եւ տեխնիկական սպասարկման, իսկ հնարավորության դեպքում՝ «պաշտպանական օդային հարվածների» միջոցով: Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

«Թալիբանների կողմից շարունակվող արյունահեղությունը միայն նոր արյունահեղության, հակամարտության երկարաձգման է հանգեցնում եւ վանում է աֆղան ժողովրդին նրանցից (թալիբներին)»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք ցնցված ենք թալիբների կողմից մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներից, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների շենքեր բռնի ներխուժման եւ քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան օգտագործման վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ:

«Մենք շարունակում ենք հորդորել թալիբներին դադարեցնել իրենց հարձակողական գործողությունները եւ բարեխիղճ երկխոսության մեջ մտնել հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու համար», — ասվում է ամերիկյան բանակի հայտարարության մեջ: