«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը տուժող են ճանաչվել՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում շուրջ 2,5 տարի քննվող՝ դատավորներին զրպարտելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: Մեր ունեցած տեղեկություններով՝ քրեական գործի շրջանակներում վերջերս հարցաքննվել է նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, որն առաջիկայում ևս կճանաչվի որպես տուժող:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ մայիսի 18-ի որոշումից հետո: Նախ` փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին սոցիալական ցանցում մեղադրեց կոռուպցիայի մեջ, ինչին անմիջապես արձագանքեց դատավորն ու հաղորդում ներկայացրեց, որ ստուգեն փաստաբանի հայտնած տվյալները ու կամ իրեն մեղադրանք առաջադրեն` կաշառակերության համար, կամ փաստաբանին` սուտ մատնության:

Ինչպես գիտենք` կաշառքը չի հիմնավորվել ու դատավորին նման մեղադրանք չի առաջադրվել, բայց դատավորին վարկաբեկելու համար փաստաբանի գործողություններն գնահատական չի տրվել: Մյուս դրվագը վերաբերում է վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանին, Մխիթար Պապոյանին ու դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն: Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից:

Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը:

2,5 տարի իրականացված քննության արդյունքում, ի վերջո, ԱԱԾ-ն որոշել է դատավորներին տուժող ճանաչել՝ չկարողանալով հեղինակություն վայելող այս դատավորների վերաբերյալ որեւէ կոմպրոմատ գտնել։

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ն տեւական ժամանակ գաղտնալսել է դատավորներին, սակայն այդպես էլ ոչինչ հայտնաբերել չեն կարողացել։ Ավելին՝ ստիպված է եղել դադարեցնել գաղտնալսումներն ու ոչնչացնել արդեն իսկ կատարված ձայնագրությունները, քանի որ դատավորները, իմանալով իրենց նկատմամբ իրականացվող գործողության մասին, դիմել են դատարան՝ վիճարկելով ԱԱԾ գործողությունների իրավաչափությունը ու դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին վերացնել դրանք։