«Շուրջ 16 տարի դուք աշխատել եք Սահմանադրական դատարանում և հպարտությամբ նշեցիք, որ գլխավոր մասնագետից դարձել եք աշխատակազմի ղեկավար։ Չքննարկելով ձեր մասնագիտական որակները, հասկանալի է, որ դրանում իր ներդրումն է ունեցել ձեր ղեկավարը՝ Գագիկ Հարությունյանը։ Ես հիշում եմ նաեւ, որ դուք մշտապես ուղեկցում էիք նրան իր արտասահմանյան այցերի ժամանակ, գոնե տեսողական հիշողությունս չի դավաճանում, դուք նրա կողքին էիք։ Հարցս հետեւյալն է, պարոն Վարդանյան բարոյական տեսանկյունից դուք ինչպես էիք ձեզ զգում, երբ սկսեցին գործընթացներ Գագիկ Հարությունյանի նկատմամբ, երբ նրան հեռացրեցին ԲԴԽ-ից ըստ էության, երբ ձեր հարազատ ՍԴ-ի նկատմամբ գրոհներ սկսվեցին, շրջափակվեցին դատարանները, այդ թվում նաեւ ՍԴ-ն, նաև երբ հարձակուկմներ սկսվեցին Հրայր Թովմասյանի նկատմամբ»,- այսօր ԱԺ-ում նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին։

Ի պատասխան Վարդանյանն ասաց, որ  «դժվար» թե Խամոյանն իրեն տեսած լինի, քանի, որ ինքը վերջինիս չի տեսել։ «Բայց երևի ձեզ պատմել են, պատմողներին փոխանցեք հետևյալը․ ես պարոն Հարությունյանի հետ այո անցել եմ բավականին երկար ուղի, և ես շնորհակալ եմ այն փորձի ու գիտելիքի համար, որ ստացել եմ նրանից»,- ասաց Վարդանյանը, հավելելով, որ արտասահմանյան այցերի ժամանակ եղել է պատվիրակության կազմում։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։