Գվինեայում առաջին անգամ հայտնաբերվել է հազվագյուտ «Մարբուրգի վիրուսով» վարակման կասկածելի դեպք, որն առաջացնում է ծանր հիվանդություն՝ «Մարբուրգյան հեմոռագիկ տենդ», հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Վիրուսի հնարավոր դեպքը փորձաքննվել է Գվինեայի երկու լաբորատորիաներում: Այժմ իշխանությունները որոշել են նմուշ ուղարկել Սենեգալ՝ «Մարբուրգի վիրուսով» վարակը հաստատելու համար: Բացի այդ՝ իշխանությունները հրահանգել են ստուգել վիրուսով վարակված անձի շփման շրջանակում հնարավոր վիրուսային վարակի առկայությունը և խստացնել վերահսկողությունը կասկածելի դեպքի հայտնաբերման տարածքի նկատմամբ:

«Մարբուրգի վիրուսը» հազվագյուտ հիվանդություն է`բարձր մահացությամբ և առանց հատուկ հակավիրուսային բուժման: «Մարբուրգի վիրուսի» բնական տարածողներն են Rousettus aegypti և Pteropodidae ընտանիքի չղջիկները: Վիրուսը մարդկանց փոխանցվում է չղջիկներից և տարածվում է մարդուց մարդուն: Վիրուսի ինկուբացիոն շրջանը տատանվում է 2֊21 օրվա ընթացքում: Հիվանդությունը հանկարծակի սկսվում է բարձր ջերմության, ուժեղ գլխացավի և վատ ինքնազգացողության մեկնարկով: Մկանային ցավը բնորոշ հատկանիշ է: Երրորդ օրը առաջանում է սրտխառնոց և փսխում: Ճակատագրական դեպքերում մահը առավել հաճախ վրա է հասնում ախտանիշների ի հայտ գալուց 8-9 օր հետո և սովորաբար դրան նախորդում է արյունահոսությունը և շոկը: